ՊՈՒԼՊԻՏԻ ԲՈՒԺՈՒՄ-ՏԵՍԱԿՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ

ՊՈՒԼՊԻՏԻ ԲՈՒԺՈՒՄ-ՏԵՍԱԿՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ

Պուլպան, կամ ինչպես հաճախ անվանում են՝ ատամի նյարդը, ատամի խոռոչում գտնվող փափուկ հյուսվածք է, որը պարունակում է նյարդեր և անոթներ։ Պուլպայի զգայունությունը վարակի նկատմամբ բավականին բարձր է, այդ պատճառով ցանկացած միկրոօրգանիզմի ներթափանցումը ներս առաջացնում է բորբոքում։ Ամենից հաճախ այս ճանապարհով է զարգանում պուլպիտը։ Դրա առաջին արտահայտությունները ատամի սուր ռեակցիան է ջերմաստիճանի փոփոխության և այլ արտաքին գրգռիչների նկատմամբ։

Ատամի պուլպիտ. ի՞նչ է դա։

Պուլպիտի առաջացման ամենատարածված պատճառների շարքում են նշվում կարիեսի բարդացումները և ատամի ճաքերը։ Սակայն պուլպիտի պատճառ կարող են դառնալ նաև այրվածքները, որոնք երբեմն ստացվում են անզգուշորեն՝ բուժման կամ ատամնային պրոթեզի տեղադրման նախապատրաստման ժամանակ։

Բավականին հազվադեպ է, բայց լինում է, որ վարակը պուլպա է հասնում արյան միջոցով։ Պուլպիտի բնորոշ ախտանիշը ուժեղ ցավն է, որը չի մեղմանում ցավազրկողների միջոցով։ Հիվանդության սկզբնական փուլում նյարդը դեռ հնարավոր է բուժել, և դրա հեռացումը պարտադիր չէ։ Սակայն եթե գործընթացը անտեսվի, վարակը կանցնի հիվանդ ատամի սահմաններից դուրս՝ տարածվելով պերիոդոնտի վրա։ Դա բերում է պերիոդոնտիտի (արմատամերձ հյուսվածքների բորբոքում) զարգացմանը։ Այս բարդությունը հաճախ հանգեցնում է ատամի կորստին։

Ատամի խոռոչում գտնվող բակտերիաները շարունակում են ոչնչացնել նյարդը և խթանում են փտած նյութի՝ թարախի, արտազատումը։ Երբ թարախը սկսում է տարածվել լնդերի վրա, զարգանում է ֆլյուս։ Այս և այլ բարդություններից կարելի է խուսափել ժամանակին իրականացված ախտորոշման շնորհիվ։

Պուլպիտի առաջացման պատճառները

1․ Կարիես

Կարիեսը սկսվում է ատամի էմալի վնասումից։ Սկզբում այն ներկայացվում է որպես փոքրիկ սպիտակավուն, խորդուբորդ բիծ, որը գրեթե անտեսանելի է անզեն աչքով։ Սովորաբար ատամի էմալը ունի փայլուն, հարթ մակերես։ Նրա վնասումը դրսևորվում է փայլի կորստով, իսկ սպիտակությունը դառնում է կավճային։

Կարիեսը բակտերիաների կենսագործունեության արդյունք է, որոնք արտադրում են թթու։ Այդ թթուն նպաստում է էմալի դեմիներալիզացման  (կորցնում է իր հանքային բաղադրությունը)։ Երբ բակտերիաները հաղթահարում են էմալի շերտը, նրանք ներթափանցում են դենտին՝ ատամի փափուկ շերտը, որն ունի ավելի ցածր խտություն և լի է բարակ խողովակիկներով։ Այս փուլում հիվանդությունը սկսում է արագ զարգանալ։ Բակտերիաներն ազդում են ատամի վրա երկու ուղղությամբ՝ դրսից՝ քայքայելով դենտինը և խորացնելով կարիեսի խոռոչը  և դենտինային խողովակներով՝ ուղղակիորեն դեպի պուլպա։

Հատկապես արագ կարիեսը վեր է ածվում պուլպիտի երեխաների մոտ։ Դա կապված է մանկական ատամների կառուցվածքային առանձնահատկությունների հետ և հաճախ բերում է ատամի նյարդի հեռացման անհրաժեշտությանը։ Այդ պատճառով շատ կարևոր է երեխաների ատամների բուժումը չհետաձգել։

2.  Ատամի բուժման կամ պրոթեզավորման ընթացքում թույլ տրված սխալներ

Պուլպայի բորբոքման պատճառ կարող է լինել ոչ միայն վարակը, այլև դենտինի վնասումը կամ գերտաքացումը կարիեսի բուժման ժամանակ նրա մշակման (պրեպարացման) ընթացքում։

Մեկ այլ հնարավոր պատճառ է պուլպայի մեխանիկական վնասումը, օրինակ՝ ուժեղ ճնշման արդյունքում։

Բացի այդ, պուլպայի ինֆեկցիան և հետագա բորբոքումը կարող են առաջանալ այն դեպքում, երբ պլոմբան լիովին հերմետիկ չի կպչում ատամի պատին կամ ժամանակի ընթացքում հեռանում է նրանից։ Այդ իրավիճակում պլոմբան պետք է հեռացնել, ախտահարված հյուսվածքներն՝ ավելին մշակել, և արդեն բուժել պուլպիտը։ Այսինքն՝ անհրաժեշտ է պուլպայի հեռացում, արմատախողովակների լայնացում և լցում։

Պլոմբայի և ատամի պատի միջև բացվածքի առաջացումը և, որպես հետևանք, պուլպիտի զարգացումը կարող է տեղի ունենալ ջերմաստիճանային հակադրությունների պատճառով։

Երբ պլոմբավորման նյութը տաքանում է, այն ընդլայնվում է, իսկ սառչելիս՝ սեղմվում։ Եթե պլոմբան փոքր է, ջերմաստիճանի փոփոխությունը նշանակություն չունի։ Բայց եթե այն մեծ է, ապա սառչելիս կարող է հեռանալ ատամի պատից՝ առաջացնելով միկրոբացվածք։ Այդ բացվածքով կարող են ներթափանցել բակտերիաներ, ինչը բերում է պուլպայի վարակման ու բորբոքման։

Հենց այդ պատճառով է, որ ատամի թագի զգալի քայքայման դեպքում բժիշկները նախընտրում են օգտագործել կերամիկական ներդիր (ինլեյ), որի ջերմային ընդլայնման գործակիցը նույնն է, ինչ ատամի հյուսվածքներինը։ Դա կանխում է նման բացվածքների առաջացումը։

3. Արմատի գագաթի վրա գտնվող բացվածքի՝ ապիկալ անցքի միջոցով ներթափանցված վարակ

Այդպիսի վարակման պատճառ կարող են դառնալ հարակից բորբոքային հիվանդությունները, օրինակ՝

  • հայմորիտը (ծնոտային քթաբերանոցի բորբոքում),
  • վերնոսկրի բորբոքումը (պերիոստիտ),
  • ատամը արկվայի մեջ պահող հյուսվածքների բորբոքումը (պերիոդոնտիտ),
  • ականջի բորբոքումը (օտիտ)։

Վարակը կարող է տարածվել մոտակա հյուսվածքներից դեպի պուլպա՝ ապիկալ անցքով։

4. Արտաքին միջավայրից վարակի ներթափանցում , եթե պուլպան մերկացել է՝ ատամի վնասում, ճաք կամ կոտրվածք։

Տրավմատիկ կոտրվածքի (բաժանման) ժամանակ պուլպան կարող է անմիջապես բացվել արտաքին միջավայրի առաջ։ Այդ դեպքում բակտերիաները անմիջապես ներթափանցում են պուլպա՝ առաջացնելով սուր բորբոքում։

Պուլպիտի ախտանիշները և բուժումը

Պուլպայի բորբոքումը կարող է լինել սուր, քրոնիկ կամ թարախային։

Քրոնիկ պուլպիտը դրսևորվում է թույլ արտահայտված ձևով։ Ցավը կարող է բացակայել կամ լինել թույլ, շարունակական ու ծակող բնույթի։ Այս դեպքերում ցավը հաճախ առաջանում է կոշտ սնունդ ծամելիս կամ ջերմային գրգռիչների ազդեցության ժամանակ (ինչպես կարիեսի դեպքում), սակայն՝ ի տարբերություն կարիեսի, ցավը չի անհետանում գրգռիչի վերացումից անմիջապես հետո, այլ շարունակում է պահպանվել որոշ ժամանակ։

Սուր պուլպիտը բնութագրվում է ցավի նոպաներով, որոնք ունեն ինտենսիվ, հրաձգային և պուլսացվող բնույթ։ Ցավն անկանխատեսելի է, հաճախ սաստկանում է գիշերը՝ առանց որևէ ջերմային կամ մեխանիկական գրգռիչի ազդեցության։

Թարախային պուլպիտը առավել ծանր ձևն է։ Ցավն այստեղ լինում է շատ ուժեղ, պուլսացնող և անտանելի։ Գիշերը այն հաճախ սրանում է։ Ցավը կարող է սաստկանալ տաք սննդի կամ ըմպելիքի ազդեցության հետևանքով, իսկ սառնությունը՝ որոշ չափով մեղմացնել այն։

Բարդություններ

Եթե պուլպիտը չբուժվի, բորբոքված պուլպան աստիճանաբար մահանում է․ այս վիճակն անվանում են նեկրոզ։

Այնուհետև բորբոքումը կարող է տարածվել պերիոդոնտի (արմատամերձ հյուսվածքների), իսկ հետո՝ վերնոսկրի (պերիոստի) վրա՝ առաջացնելով պերիոդոնտիտ և պերիոստիտ։

Այս փուլերում ատամը հաճախ դառնում է անբուժելի, և այն անհրաժեշտ է հեռացնել։

Ինչպես է բուժվում պուլպիտը

Ստոմատոլոգիական ընդունելության ժամանակ բժիշկն իրականացնում է ատամների զննում և հարցազրույց հիվանդի հետ՝ ցավի բնույթի և տևողության վերաբերյալ։ Զննման ընթացքում նա գնահատում է՝

  • կարիեսով խոռոչների առկայությունը,
  • էմալի վիճակը,
  • լնդերի առողջությունը,
  • ատամալնդային գրպանների առկայությունը,
  • առկա պլոմբաները և ատամնապսակները։

Նա նաև կիրառում է պերկուսիա՝ թեթևակի թակում է ատամը։ Սուր պուլպիտի դեպքում դա առաջացնում է ցավ, իսկ քրոնիկ բորբոքման դեպքում հաճախ արձագանք չի լինում։

Բորբոքման աստիճանը, խորությունը և ատամի հյուսվածքների փափկությունը գնահատելու համար բժիշկը կիրառում է զոնդավորում՝ հատուկ գործիքով սեղմում է խոռոչի տարբեր հատվածներին։

Էլեկտրոէոդոնտոմետրիա - Բորբոքումի առկայությունը որոշելու համար օգտագործվում է այս մեթոդը։ Բժիշկը թույլ էլեկտրական հոսանք է անցկացնում պուլպայի միջով՝ աստիճանաբար մեծացնելով հոսանքի ուժը։
Եթե պուլպան բորբոքված է, ապա ցավ է առաջանում արդեն 18 մկԱ հոսանքի ուժի դեպքում։

Ռենտգենաբանական հետազոտություն- Զննման վերջում կատարվում է՝

  • թիրախային ռենտգեն՝ կոնկրետ ատամի մանրակրկիտ պատկեր ստանալու համար,
  •  պանորամային նկարահանում (օրթոպանտոմոգրամմա) ՝ անհրաժեշտության դեպքում , որը ցույց է տալիս վերին ու ստորին ծնոտի բոլոր ատամների և հարակից կառույցների վիճակը։

Պուլպիտի բուժման ռազմավարությունը հիմնականում նույնն է բոլոր դեպքերում և ներառում է հետևյալ քայլերը․

  • Տեղային անզգայացման կիրառում (քանի որ պուլպան կենդանի և բորբոքված նյարդ է, ցանկացած շփում կարող է առաջացնել ուժեղ ցավ)։
  • Կարիեսով ախտահարված հատվածի հեռացում։
  • Առողջ պուլպայի մասի հեռացում։
  • Նյարդի բուժում կամ ամբողջական հեռացում։
  • Պուլպայի հեռացում էքստրակտորի օգնությամբ։

Եթե անհրաժեշտ է ամպուտացիա, դրանից հետո տեղադրվում է մեկուսիչ բարձիկ և ապա՝ մշտական պլոմբա։ Եթե ամպուտացիա չի արվում՝ մշակվում են արմատախողովակները և ամբողջ ատամը, և միայն դրանից հետո տեղադրվում է պլոմբա։ Որոշ բարդ դեպքերում վիրահատությունը բաժանվում է մի քանի փուլերի՝ սկզբում լցվում են արմատախողովակները, տեղադրվում է ժամանակավոր պլոմբա, և մի քանի օր անց փոխարինվում է մշտականով։

Հատուկ դեպքերում, բուժումից հետո նշանակվում է նաև դեղորայքային թերապիա կամ լազերային բուժում։