ԱՏԱՄՆԵՐԻ ԿԱՐԻԵՍ՝ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ
Ի՞նչ է կարիեսը
Կարիեսը հիվանդություն է, որը քայքայում է ատամի կարծր հյուսվածքները։ Այն սկսվում է էմալի ապահանքայնացումից՝ բերանի խոռոչում բակտերիալ միկրոֆլորայի կողմից արտազատվող թթուների ազդեցությամբ։ Այդ թթուները աստիճանաբար քայքայում են էմալի շերտը, իսկ հետո՝ նաև դենտինը։ Արդյունքում առաջանում է ցավ, ատամների բարձր զգայունություն, իսկ բուժման բացակայության դեպքում՝ նույնիսկ ատամների կորուստ։
Կարիեսի զարգացման 4 փուլերը՝
1. Սպիտակավուն բծեր էմալի վրա։ Սկզբնական փուլ, երբ էմալի վրա առաջանում է փայլը կորցրած սպիտակավուն բիծ։ Այն հեշտությամբ վերացվում է ժամանակին կատարված ռեմիներալիզացիայի միջոցով։
2. Մակերեսային ձև։ Հիվանդությունը վնասում է միայն էմալը՝ առաջացնելով փոքր խոռոչներ։ Բուժումը ներառում է վնասված հյուսվածքների հղկում և ատամի պլոմբավորում։
3. Միջին կարիես։ Վարակը խորանում է՝ հասնելով էմալի տակ գտնվող դենտինի շերտին։ Առաջանում է պարբերական ցավ, զգայունություն ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ։ Լրացուցիչ քայքայումը կանխելու համար անհրաժեշտ է խոռոչի պատրաստում և պլոմբավորում։
4. Խորը ձև։ Ամենալուրջ փուլն է, երբ կարիեսը հասնում է ատամի նյարդին (պուլպային խցիկ)։ Առաջանում է սուր ցավ։ Բուժումը ներառում է խորը պլոմբավորում, իսկ եթե վարակվել են արմատային խողովակները՝ անհրաժեշտ է դրանց էնդոդոնտիկ բուժում։

Կարիեսի առաջացման պատճառները
1. Բերանի խոռոչի վատ հիգիենա
Ատամները ոչ բավարար կամ սխալ մաքրելը նպաստում է ատամնափառի կուտակմանը, որտեղ բազմանում են կարիես առաջացնող բակտերիաները։
2. Քաղցր և թթու սննդի օգտագործում
Շաքարն ու թթուները քայքայում են ատամի էմալը՝ դարձնելով ատամները ավելի խոցելի կարիեսի նկատմամբ։
3. Ֆտորի պակաս
Ֆտորը ուժեղացնում է ատամի էմալը՝ այն ավելի կայուն դարձնելով թթուների նկատմամբ։
4. Գենետիկ նախատրամադրվածություն
Որոշ մարդիկ գենետիկորեն հակված են կարիեսի առաջացմանը։
5. Բերանի չորություն (քսերոստոմիա)
Սակավ թքարտադրությունը նվազեցնում է ատամները բակտերիաներից պաշտպանող բնական մեխանիզմները։
Ինչու՞ է կարիես առաջանում երեխաների մոտ
Կարիեսի առաջացման հիմնական պատճառները երեխաների մոտ՝
1. Կաթնատամների կառուցվածքի առանձնահատկություններ։ Երեխաների էմալը շատ ավելի բարակ է, քան մեծահասակներինը։ Դրա շնորհիվ կաթնատամները ավելի խոցելի են թթուների նկատմամբ և ավելի արագ են քայքայվում։
2. Չձևավորված հիգիենիկ հմտություններ։ Փոքր տարիքի երեխաները հաճախ չեն կարողանում ինքնուրույն ճիշտ մաքրել ատամները։ Նրանք բաց են թողնում կարևոր հատվածներ կամ բավարար ժամանակ չեն հատկացնում մաքրմանը։ Արդյունքում՝ ատամնափառը, որը պարունակում է բակտերիաներ, կուտակվում է, և էմալը սկսում է քայքայվել։
3. Շշերի օգտագործումը քնելուց առաջ։ Կաթով կամ հյութով շիշը բերանում քնելը նույնպես ռիսկի գործոն է։ Ըմպելիքի մեջ պարունակվող շաքարը մնում է ատամների վրա՝ նպաստելով այսպես կոչված «շշային կարիեսի» զարգացմանը։

Կարիեսի նախանշանները
• Էմալի վրա սպիտակ կամ մուգ բծերի առաջացում — վկայում է ապահանքայնացման մասին։ Առանց բուժման դրանք վերածվում են մակերեսային վնասվածքի։
• Ատամների բարձր զգայունություն սառը կամ տաք սննդի նկատմամբ — նշան է էմալի քայքայման սկզբի։ Այս փուլում ցավը սովորաբար կարճատև է։
• Ցավ ծամելու ժամանակ։ կարող է վկայել միջին կամ խորը կարիեսի մասին, որը պահանջում է անհապաղ բուժում։ Երբ վարակը հասնում է դենտինին, ատամները դառնում են ավելի զգայուն ճնշման նկատմամբ։
• Կարիոզ խոռոչների առաջացում։ Սկզբնական փուլում ատամների վրա առաջացած անցքերը փոքր են, բայց ժամանակի ընթացքում մեծանում են և կարող են առաջացնել ուժեղ ցավեր։
• Տհաճ հոտ բերանից (հալիտոզ): Կարիոզ խոռոչներում բակտերիաների բազմացումը առաջացնում է գարշահոտություն, որը չի անցնում նույնիսկ ատամները մաքրելուց հետո։
• Սուր ցավ խորը կարիեսի դեպքում։ Երբ քայքայումը հասնում է պուլպային (նյարդային) հյուսվածքներին։ Սա կարող է լինել պուլպիտի կամ այլ բարդությունների նշան։
Կարիեսի բուժման մեթոդները
1. Պլոմբավորում
Ամենատարածված մեթոդն է կարիեսի սկզբնական և միջին փուլերի բուժման համար։ Բժիշկը հեռացնում է վնասված հյուսվածքները և լցնում ստացված խոռոչը պլոմբավորման նյութով։
2. Ռեմիներալիզացիա
Կարիեսի վաղ փուլերում հնարավոր է էմալի վերականգնում հատուկ պրեպարատների միջոցով, որոնք պարունակում են ֆտոր և կալցիում։
3. Պսակի տեղադրում
Եթե ատամը զգալիորեն վնասված է, կարող է պահանջվել արհեստական պսակի տեղադրում՝ ատամը վերականգնելու և պաշտպանելու համար։
4. Էնդոդոնտիկ բուժում (արմատային խողովակների բուժում)
Եթե կարիեսը հասել է ատամի պուլպային (նյարդային) հյուսվածքին, անհրաժեշտ է նյարդի հեռացում և արմատային խողովակների լցում։
5. Ատամի հեռացում
Ծայրահեղ դեպքերում, երբ ատամը հնարավոր չէ վերականգնել, այն ենթակա է հեռացման։

Կարիեսի կանխարգելում
• Ատամների կանոնավոր և ճիշտ մաքրում (առնվազն օրը 2 անգամ)
• Ատամնաթելի և բերանի ողողման միջոցների օգտագործում
• Քաղցր և թթու սննդի օգտագործման սահմանափակում
• Կանոնավոր այցելություններ ստոմատոլոգին (տարեկան առնվազն 2 անգամ)
• Ֆտոր պարունակող ատամի մածուկների օգտագործում
• Հավասարակշռված սննդակարգ՝ հարուստ կալցիումով և վիտամին D-ո
Բերանի խոռոչի հիգիենայի ճիշտ պահպանումը, ստոմատոլոգի կանոնավոր այցելությունները և ժամանակին կատարված բուժումը թույլ կտան պահել ատամների առողջությունը երկար տարիներ։ Հիշեք՝ կանխարգելումը միշտ ավելի հեշտ և էժան է, քան առաջացած կարիեսի բարդ ձևերի բուժումը։
Հոգ տարեք ձեր ատամների մասին, և դրանք ձեզ կպարգևեն գեղեցիկ ու առողջ ժպիտ։
-
© 2026 RinArt.amԲոլոր իրավունքները պաշտպանված են
-
Գաղտնիության քաղաքականություն
